ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ամենածանրը պատմություններն էին, որոնք գալիս էին նրանց հետ

Ամենածանրը պատմություններն էին, որոնք գալիս էին նրանց հետ
21.04.2026 | 14:28

Կույր շունը չլացեց, երբ տերը նրան թողեց կացարանում։ Բայց հենց այդ տարեց տղամարդն էր, որ իսկապես կոտրեց սիրտս։

Ես քառասունհինգ տարեկան էի, երբ հեռացա կենդանիների համայնքային կացարանից, որտեղ աշխատել էի գրեթե տասնութ տարի։ Մարդիկ կարծում են, թե նման վայրերը տխուր են միայն կենդանիների պատճառով։ Բայց դա այնքան էլ այդպես չէ։

Ամենածանրը հաչոցը չէր։ Ոչ էլ վանդակները։ Եվ նույնիսկ ոչ այն հայացքը, որը կարծես քեզ հետ է մնում, երբ անցնում ես ցանցապատ վանդակների կողքով։ Ամենածանրը պատմություններն էին, որոնք գալիս էին նրանց հետ։

Ամեն առավոտ ես բացում էի դարպասները ժամը յոթին։ Ձմռանը բակից թաց բետոնի, սառը մետաղի և ախտահանիչ միջոցի հոտ էր գալիս։ Հենց շները լսում էին իմ քայլերը, ամեն ինչ սկսվում էր։ Պոչերը հարվածում էին ճաղերին։ Թաթերը քերում էին հատակը։ Աղմուկ էր, այո։ Բայց այդ աղմուկի տակ միշտ նույն բանն էր թաքնված՝ հույսը։

Ես շատ դեպքեր եմ տեսել, երբ կենդանիներին լքում էին։ Մարդիկ շտապում էին։ Մարդիկ մեղքի զգացում էին ունենում։ Մարդիկ չափազանց շատ էին խոսում, միայն թե չնայեին շան աչքերի մեջ։ Ձևակերպումները մի փոքր փոխվում էին, բայց իմաստը մնում էր նույնը. «Էլ չեմ հասցնում»։ «Ժամանակ չունեմ»։ «Չափազանց դժվարացել է»։

Մի անգամ մենք դարպասին կապված մի լակոտ գտանք՝ վերմակով և երկտողով. «Կներես»։ Այդ թղթի կտորը մինչ օրս հիշում եմ։ Դրա մեջ և՛ ամոթ կար, և՛ ցավ։

Հետո եկավ այն առավոտը։ Այն մեկը, որն այդպես էլ չկարողացա մոռանալ։ Հունվար ամիսն էր։ Դեռ լիովին չէր լուսացել։ Երկինքը ցածր էր ու մոխրագույն, իսկ մեքենաների վրա սառցե թաց շերտ էր նստել, որն անմիջապես մխրճվում էր մատներիդ մեջ, հենց դիպչում էիր որևէ բանի։

Տեսա մի տարեց տղամարդու։ Նա դանդաղ էր քայլում, բայց ջանում էր մեջքը ուղիղ պահել։ Վզակապից բռնած բերում էր մի մեծ շան՝ շագանակագույն, նույնպես արդեն ծեր։ Շունը զգույշ էր քայլ առնում։ Աչքերը սպիտակած էին, մշուշոտ։ Նա կույր էր։

Տղամարդը շան ամրակապը (шлейка) բռնել էր այնպիսի զգուշությամբ, որը իսկույն ճանաչելի է դառնում, եթե կյանքիդ կեսն անցկացրել ես՝ դիտելով, թե ինչպես են կենդանիները մտնում այս դարպասներից։ Դա մի մարդու ձեռք չէր, որն ուզում էր ազատվել նրանից։ Դա այն մարդու ձեռքն էր, ով դեռ փորձում էր պաշտպանել նրան։

Նա կանգնեց իմ առջև։ Ափը դրեց շան գլխին։ Հետո ասաց հանգիստ, միգուցե նույնիսկ չափազանց հանգիստ ձայնով.

- Հաջորդ շաբաթ ես տեղափոխվում եմ ծերանոց։ Չունեմ ոչ մեկին, ում մոտ կարող եմ նրան թողնել։ Եվ չեմ ուզում, որ երբ ես չլինեմ, ինչ-որ մեկը նրան որպես բեռ ընկալի ու դուրս շպրտի։

Ես անմիջապես չպատասխանեցի։ Նրանց ներս ուղեկցեցի։ Շունը քայլում էր նրա ոտքի կողքով։ Ոչ թե իմ հանդեպ վախից, այլ այն դատարկության վախից, որն առաջանում էր նրանց միջև, հենց նրանք բաժանվում էին նույնիսկ կես քայլով։

Տղամարդը պայուսակը դրեց սեղանին։ Ներսում մի մաշված վերմակ էր, մի փոքր տափակած մետաղական աման և չորս տակ ծալված մի թուղթ։ Կերակրման ժամերը։ Ինչ էր նա սիրում։ Որ գիշերը նա անհանգստանում էր, երբ անձրև էր գալիս։ Որ հանդարտվում էր միայն այն ժամանակ, երբ կողքին ձայն էր լսում։

Ես կարդում էի այդ տողերը և զգում էի, թե ինչպես է կոկորդս սեղմվում։ Նա ոչինչ չէր մոռացել։ Նույնիսկ ամենափոքր մանրուքը։ Երևում էր, որ նա այս շանը ճանաչում է ավելի լավ, քան ոմանք ճանաչում են իրենց հարազատներին։

- Նրա անունը Էտորե է,- ասաց նա ինձ։ Հետո նա դժվարությամբ կռացավ։ Դանդաղ։ Կարծես ամեն մի շարժումը նրանից մեծ ջանք էր խլում։ Նա շան գլուխն առավ ափերի մեջ։ Էտորեն դունչը բարձրացրեց նրա ձայնի ուղղությամբ։ - Ես շուտով կվերադառնամ, ծերուկ,- շշնջաց նա։ - Սպասիր ինձ։

Այս արտահայտությունը մինչ օրս ապրում է իմ մեջ։ Ոչ թե այն պատճառով, որ այն դաժան էր, այլ որովհետև դա հենց այն սուտն էր, որն ասում են, երբ մնում է միայն քնքշությունը, որը փորձում է վիճել իրականության հետ։

Երբ ես նրան ուղեկցեցի դեպի վանդակը, Էտորեն չհաչեց։ Չսթափվեց։ Չանհանգստացավ։ Նա նստեց դռան առջև։ Դունչը դեպի մուտքը շրջած։ Եվ սպասեց։

Առաջին օրը նա գրեթե ոչինչ չկերավ։ Երկրորդ օրը՝ նույնպես։ Յուրաքանչյուր լսված քայլի հետ նա բարձրացնում էր գլուխը։ Ոչ թե նյարդային։ Ոչ թե վախեցած շան պես։ Այլ ավելի շուտ նրա պես, ով համոզված է, որ խոստումը կկատարվի։

Ես տեսել եմ շների, որոնք վախենում էին։ Շների, որոնք բարկանում էին։ Շների, որոնք հանձնվում էին։ Բայց շունը, որն այսպես էր սպասում՝ այսպիսի հավատով, գրեթե անտանելի ծանր էր հայացքի համար։

Երեկոյան, շրջայցս ավարտելիս, ես մի քանի րոպե կանգնում էի նրա կողքին։ Եվ մտածում էի այն բոլոր լռակյաց տների մասին՝ իջեցված փեղկերով։ Տարեց մարդկանց մասին, որոնք միայնակ են մնում՝ նույնօրինակ ու գնալով նեղացող օրերի հետ։ Եվ կենդանիների մասին, որոնք նրանցից շատերի համար վերջին կենդանի էակն են, որոնք իսկապես սպասում են իրենց ամեն առավոտ։ Մտածում էի նաև այն մասին, թե որքան արագ կարող է մի ամբողջ կյանք տեղավորվել մի վերմակի, մի ամանի և ձեռքով գրված մի թղթի մեջ։

Մի քանի օր անց ես նորից վերցրի այդ թուղթը։ Ներքևում նշված էր այն հաստատության հասցեն, ուր պետք է տեղափոխվեր նրա տերը։ Ես զանգահարեցի։ Պարզապես բացատրեցի իրավիճակը։ Ինձ ասացին, որ կարճատև այցելությունը հնարավոր է։

Հաջորդ շաբաթ Էտորեն նստած էր կողքիս՝ մեքենայում։ Նա լռում էր։ Բայց երբ տեղ հասանք, նա փոխվեց։ Ոչ թե որովհետև ինչ-որ բան տեսավ, այլ որովհետև ճանաչեց հոտը, ներկայությունը, գուցե իր նախկին կյանքի մի մասնիկը։

Սենյակում, պատուհանի մոտ նստած էր նրա տերը։ Նրա անունը Կառլո էր։ Նա ինձ ավելի փոքրացած թվաց, քան կացարանի օրը։ Կարծես մի քանի օրվա մեջ աշխարհը նրանից խլել էր տարածությունը, ուժը և նույնիսկ ձայնը։

Ես քիչ էի խոսում։ Պարզապես թողեցի, որ Էտորեն մոտենա։ Շունը մի պահ քարացավ։ Հետո գնաց ուղիղ առաջ։ Երբ նրա դունչը դիպավ Կառլոյի ձեռքին, վերջինս արտասվեց։ Ոչ բարձրաձայն։ Ոչ երկար։ Դրանք հոգնած, զսպված արցունքներ էին, որոնք ցանկացած ճիչից ավելի ուժգին են ցավեցնում։

- Ես գիտեի, որ նա ինձ սպասում է,- կամացուկ ասաց նա։

Էտորեն գլուխը դրեց նրա ծնկներին ու այդպես մնաց։ Կարծես վերջապես գտավ իր տեղը։

Այդ օրը, վերադառնալով կացարան, նա կերավ իր ողջ բաժինը։ Առաջին անգամ։ Մի քանի օր անց ես նրան վերցրի իմ տուն։ Ոչ թե լավը երևալու ցանկությունից։ Ոչ թե ինձ ավելի լավ զգալու համար։ Պարզապես ես այլևս չէի կարողանում տանել այն միտքը, որ այսքան ուժգին սիրել իմացող շունը պետք է կյանքն ավարտի դռան հետևում՝ սպասելով ամեն ինչի վերջին։

Այդ օրվանից ես Էտորեին տանում եմ Կառլոյին տեսակցության, երբ միայն կարողանում եմ։ Ամեն անգամ նույն բանն է կրկնվում։ Դողացող ձեռքը հանդարտվում է։ Հոգնած դեմքը պայծառանում է։ Եվ այս շունը, որն արդեն ոչինչ չի տեսնում, միևնույն է, անսխալ գտնում է այն մարդուն, ում պատկանում է։

Կացարանում ես մի պարզ բան հասկացա։ Կենդանիները չեն ստում։ Եթե նրանք վախենում են, դա երևում է։ Եթե նրանց համար ծանր է, դա լսվում է։ Իսկ երբ նրանք սիրում են, սիրում են մինչև վերջ։

Էտորեն ինձ սովորեցրեց նաև մեկ այլ բան. ինչ-որ տեղ լքված լինելը միշտ չէ, որ նշանակում է, թե քեզ չեն սիրել։ Երբեմն դա նշանակում է միայն, որ ինչ-որ մեկի ուժերն այլևս չեն հերիքել իր կողքին պահելու այն, ինչն ինքը սիրել է ամենից շատ։

Այդ օրվանից ես հաճախ եմ մտածում միևնույն մտքի շուրջ. կան էակներ, որոնք չեն խոսում, բայց խոստումները պահում են ավելի լավ, քան շատ մարդիկ։ Եվ երբեմն փրկել շանը՝ նշանակում է փրկել նաև արժանապատվության վերջին նշույլը, որ մնացել է մարդու սրտում։

«Самый Цимес»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ